ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում Մալթայի ինքնիշխան ուխտի գործունեությանը նպաստող օրինագիծը

Armenpress 11:19, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի տարածքում հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահության ոլորտներում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող գործունեության խթանմանը նպաստող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին: Համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշներ կողմերի միջև՝ ուղղված ՀՀ տարածքում հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահության ոլորտներում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող գործունեության խթանմանը: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ու ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման, ինչպես նաև համաձայնեցված այլ ոլորտներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am