Արցախի ԱԳ նախարարը և ֆրանսիացի խորհրդարանականները կարևորել են Արցախի միջազգային կապերի զարգացումը 

Armenpress 20:25, 11 Սեպտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորների պատվիրակությանը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին և կարևորել նրանց այցը՝  Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության գործընթացին և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, մասնավորապես, վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք Արցախում ժողովրդավարական արժեքների հիման վրա հանրային կյանքի կազմակերպման գործընթացի հերթական դրսևորումն են։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում ունեցած ձեռքբերումներին, մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավորություններին։ Կողմերը նշել են Արցախի միջազգային կապերի զարգացման անհրաժեշտությունը և նրա բնակիչների հիմնարար իրավունքների և ազատությունների անխոչընդոտ իրացման կարևորությունը։ Մասիս Մայիլյանն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առանցքային դերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am