Օտարերկրացի ուսանողներն ուսումնառությունից հետո կկարողանան երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում

Armenpress 16:00, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրացի ուսանողները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտարարել Է բրիտանական կառավարությունը:

Ներկայում ուսանողները կարող են ուսումն ավարտելուց հետո Միացյալ Թագավորությունում մնալ միայն չորս ամիս. համապատասխան սահմանափակումը մտցվել Է, երբ երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում Էր Թերեզա Մեյը:

«Օտարերկրացիները կազմում են այն ասպիրանտների ընդհանուր թվի կեսը, որոնք առկա կարգով ուսումնասիրում են գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներական գործ ու մաթեմատիկա: Ներգաղթի նոր կանոնները, որոնք հայտարարվել են այսօր, նշանակում են, որ բուհերի շրջանավարտները, որոնք ուսում են ստանում բոլոր մասնագիտությունների գծով, հնարավորություն կստանան երկու տարի մնալ Մեծ Բրիտանիայում, որպեսզի աշխատանք գտնեն այնտեղ»,-ասված Է կառավարության հայտարարության մեջ:

«Ուսանողներին հարկավոր կլինի հաջողությամբ ավարտել ուսման դասընթացը վստահություն վայելող բրիտանական համալսարանում կամ կազմակերպությունում, որը բարձրագույն կրթություն Է տալիս եւ հուսալի համբավ ունի միգրացիոն ստուգումների եւ Մեծ Բրիտանիայում ուսումնառությանը վերաբերող մյուս կանոնների պահպանման առումով»,-պարզաբանվում Է հայտարարության մեջ:

Կառավարությունը նշում Է, որ բուհերի շրջանավարտների համար նոր երկամյա այցագրերի հայտնվելը Մեծ Բրիտանիային թույլ կտա ապագայում ճեղքումների հասնել գիտության, տեխնոլոգիաների եւ գիտական աշխատանքի բնագավառում: Նոր այցագիր ստանալու համար կարելի կլինի դիմել հաջորդ տարվանից: Տրվող այցագրերի քանակությունը չի սահանափակվի: Ընդամենը Մեծ Բրիտանիայում ամեն տարի ուսուցում են անցնում 450 հազար օտարերկրացի ուսանողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am