Հակոբ Արշակյանը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Armenpress 14:47, 11 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ով Հայաստանում է ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 17-րդ նիստի աշխատանքներին:  
Ինչպես «Արմենպրես»-ին հանտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինին, ներկայացրել է նորաստեղծ նախարարության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նախարարը մանրամասնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական առավելությունները՝ կրթությունից մինչև գիտահետազոտություն ու արդյունաբերություն։ 
Նա անդրադարձել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ», Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգին ուղղված պետական քաղաքականություն։
Հակոբ Արշակյանն ընդգծել է հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, ներկայացրել համաշխարհային անվանում ստացած հայկական ստարտափերը։
Նախարարը ներկայացրել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի առաջընթացը և նշել, որ պատրաստակամ է այս ամենի փորձով կիսվելու, զարգացնելու գործընկերային հարաբերությունները Տաջիկստանի հետ։
Նախարար Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ տեղյակ է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումներից, առաջընթաց զարգացումներից: Նա հանգամանալից ներկայացրել է իրենց նախարարության ոլորտային ուղղությունները, մանրամասնել երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած դերն ու նշանակությունը։ Ֆայզուլլոզոդա Զարոբիդդինը կարևորել է տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ճյուղերում, ընդգծել, որ հետաքրքրված են մի շարք ուղղություններով համագործակցելու։
Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է աշխատել Տաջիկստանի համապատասխան մարմինների հետ և ներկայացնել համագործակցության կոնկրետ առաջարկներ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am