1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանում շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները

Armenpress 13:27, 11 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Օբնինսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպումը կազմակերպվել էր տեղի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կողմից: Համայնքը Գլխավոր հանձնակատարին դիմավորեց աղուհացով, ասմունքով և հայկական ազգային երաժշտությամբ: Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովակիմյանը ներկայացրեց «Արաքս»-ի գործունեությունը, դպրոցի առօրյան և առկա խնդիրները: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին: Առկա էին դժգոհություններ Հայաստանից սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից, դասագրքերի բովանդակությունից և մատուցվող խրթին նյութերից, որոնք սփյուռքում ապրող երեխաների համար չեն կարող արդյունավետ լինել: Համահայկական խաղերի մասին տեղեկատվություն համայնքը շատ ուշ է ստացել և չի կարողացել մասնակցել: Զարեհ Սինանյանը նշեց՝ այսուհետ սփյուռքին առնչվող ծրագրերի, հավաքների և նախագծերի մասին ցանկացած տեղեկատվություն նախօրոք կտրամադրվի համայնքներին և կտարածվի նաև գրասենյակի կողմից:

Համայնքում հատկապես գոհ էին «Քայլ դեպի տուն» ծրագրի այս տարվա արդյունքներից: Առաջարկներ եղան, որ մյուս տարի ընդլայնվի մասնակիցների քանակը: Գլխավոր հանձնակատարը ևս նման հույս հայտնեց և տեղեկացրեց, որ հաջորդ տարի հայտադիմումները ծրագրի մեկնարկից մի քանի ամիս առաջ արդեն հասանելի կլինեն, և սփյուռքի պատանիները կարող են վաղօրոք լրացնել հայտերը:

Հարցեր հնչեցին նաև հայրենադարձության վերաբերյալ: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ պետությունը պետք է ներկայացնի ամբողջ հայության շահերը: «Հայաստանի Հանրապետությունն իրոք շահագրգռված է, որ սփյուռքը լիովին ներգրավված լինի Հայաստանի կյանքին»,-նշեց նա:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ քաղաքի ղեկավարության հետ՝ ի դեմս փոխքաղաքապետներ Կարինա Բաշկատովայի և Տատյանա Պոպովայի: Վերջիններս ընդգծեցին. «Հայ համայնքի միջոցով ենք մենք ճանաչել փոքրիկ Հայաստանը, որտեղ ապրում է մի ուժեղ և հիասքանչ, Ռուաստանին հարազատ ժողովուրդ»: Նրանք հատկապես կարևորեցին, որ հայ համայնքն ակտիվ ներգրավված է քաղաքային կյանքին, բոլոր նախագծերին, սոցիալապես և տնտեսապես ապահովված է: Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Օրվա ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև Repat Armenia հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամների հետ: Հանդիպումը վարում էր հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին գրասենյակի դերին ու կարգավիճակին, սփյուռքի կրթական խնդիրներին, հայրենադարձությանը և հետագա համագործակցությանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են սփյուռքին, համակարգվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am