Նախարարը «Հայփոստ»-ի ղեկավարությանն առաջարկել է ներկայացնել ընկերության զարգացման հայեցակարգ

Armenpress 12:44, 11 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է «Էռնեկյան» խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից, նախարար Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործառույթները, հիմնական նպատակները՝ առանձնացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր էկոհամակարգով, թվայնացման  և ռազմադյունաբերության ուղղությունները։
Անդրադարձ է եղել նաև «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը։
Նշվել է, որ հաջորդ տարվա փետրվարին ավարտվում է «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարման ժամկետը, իսկ մինչ այդ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջարկություններ կներկայացնի «Հայփոստ»-ի հետագա կառավարման մոդելի վերաբերյալ։
Նախարարն ընդգծել  է, որ փոստային ծառայությունների ոլորտում ակնկալում է համագործակցության ավելի պրոգրեսիվ մակարդակ և առաջարկել է առաջիկա համագործակցության համար ներկայացնել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա կառավարության թվային ծառայությունների մատուցումն ամբողջ Հայաստանի տարածքում իրականացնել փոստային գրասենյակների միջոցով, ինչպես նաև փոստային ծառայությունների զարգացման այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա դյուրինացնել գիտելիքահեն արդյունաբերության արտադրանքի լոգիստիկ խնդիրները՝  ի նպաստ արտադրանքի արտահանման և տնտեսական առաջընթացի։
Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել «Հայփոստ»-ի կառավարման մոդելի քննարկման շրջանակներում ներկայացնելու նաև ընկերության զարգացման իրենց հայեցակարգը։
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության մի շարք շրջանակներ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am