ԵՄ-ն կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում

Armenpress 19:53, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կստեղծի նոր ռազմական և տիեզերական ստորաբաժանում՝ զինված ուժերի ֆինանսավորմանն ու զարգացմանն օժանդակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությանը:

«Եվրամիությունը երբեք ռազմական միություն չի լինի: Բայց Եվրամիության անդամ պետությունները բազմիցս ասել են, որ ընդհանուր գնումները նրանց զինված ուժերի համար առաջնահերթ նշանակություն ունեն »,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն միշտ կմնա Եվրամիության հավաքական անվտանգության համակարգը:

Ինչպես հայտնում է գործակալությունը՝ նոր ստեղծվող ստորաբաժանման համար պատասխանատու կլինի ֆրանսուհի Սիլվի Գուլարը, որը ֆոն դեր Լյայենի ծրագրի համաձայն, պետք է դառնա անվտանգության, տիեզերքի և ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am