Տիգրան Գաբրիելյանն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

Armenpress 17:38, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱն, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այց է կատարել «Գյումրիի  սելեկցիոն կայան» ՓԲԸ, որտեղ զբաղվում են  հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ) և այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում փոխնախարարը հանդիպել է կայանի սելեկցիայի և առաջնային սերմնաբուծության բաժնի գիտաշխատողների հետ, ծանոթացել այստեղ իրականացվող գիտափորձարարական աշխատանքներին:

Կայանի ագրոլաբորատորիայում և գենետիկական բանկում Տիգրան Գաբրիելյանին ներկայացվել է արտադրական բաժնի գործունեությունը: Շրջայցի ընթացքում փոխնախարարը եղել է նաև կաթնապրանքային ֆերմայում:

Նախարարի տեղակալն այցելել է նաև ընկերության թանգարան, որտեղ ցուցադրված են կայանում արտադրվող գյուղատնտեսական մշակաբույսերի  լավագույն սորտերի նմուշները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am