Երևանի փողոցների մաքրումը կիրականացվի փոշեկուլ մեքենաներով. հավաքարարները կմաքրեն բակերը

Armenpress 15:59, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց ավելացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստատվեց նոր հաստիքացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցող Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները:

«Հաշվի առնելով այս ամենը՝ Երևան քաղաքի տասներկու վարչական շրջանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն արդեն իսկ իրականացվում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցով: Նկատի ունենալով, որ Հիմնարկի կողմից ծառայությունների իրականացման ծավալն ընդգրկում է Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքը, ինչպես նաև` մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման, փողոցների մշակման և ձյան տեղափոխման աշխատանքների իրականացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը»,- նշեց Սարգսյանը:

Նախագծով առաջարկվում է մեծացնել հիմնարկի հաստիքացուցակը՝ բանվորներ, հավաքարարներ, վարորդներ, ովքեր կապահովեն ողջ տեխնիկայի աշխատանքի ծավալի շահագործումը: Ընդհանուր հաստիքացուցակը կազմում է 647 միավոր, իսկ ամսական բյուջեն՝ շուրջ 161 մլն դրամ:

Փոխքաղաքապետը նշեց, որ ընդհանուր առմամբ Երևանի բյուջեով ոլորտին տրվող միջոցները չեն գերազանցելու այն գումարները, որը նախորդ տարիների բյուջեով նախատեսվում էր «Սանիթեք»-ին վճարելու համար:

«Դրա առավելագույն չափը շուրջ 5,2 մլրդ դրամ է: Մենք նույն գումարի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել մի քանի անգամ ավելի լավ ծառայություն»,- ընդգծեց Երևանի փոխքաղաքապետը:

Սարգսյանը շեշտեց, որ համայնքային հիմնարկում աշխատելու է 150 հավաքարար, ովքեր հիմնականում իրականացնելու են բակային տարածքների մաքրում: Փողոցների մաքրումը կատարվելու է փոշեկուլ մեքենաներով, որոնց աշխատանքի արդյունավետությունը 15 անգամ գերազանցում է հավաքարարի աշխատանքի արագությանը:

Հայկ Սարգսյանը հավելեց, որ «Սանիթեք»-ի հետ որևէ համագործակցություն այս պահին չկա, բանակցությունները դադարեցված են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am