1000х90.jpg (78 KB)

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն  դրամով

Armenpress 14:08, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկուցող փոխքաղաքապետ  Հայկ Սարգսյանը ներկայացրեց Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումներում նախատեսվող փոփոխությունները:

«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով: Դրանից 3.630.000 դրամն  ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն: Մնացած 3.281.000 դրամը նախատեսվում է հատկացնել «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»,- ասաց Սարգսյանը:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվյալ հարցին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց  53 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am