Ռուսաստանի բուհերի հայ ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել Զարեհ Սինանյանին

Armenpress 13:24, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայկական թանգարանում հանդիպեց մի շարք հայ ուսանողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը, այն վարում էր Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը:  Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ամփոփեց Ռուսաստան նախորդ այցի ընթացքում երիտասարդների հետ հանդիպման արդյունքները, նշեց գրասենյակի աշխատանքներին սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին: Գրասենյակն արդեն փորձնակներ է ունեցել Կանադայից ու Լիբանանից, այժմ փորձառություն են անցնում ևս երկու երիտասարդներ՝ Ռուսաստանից և դարձյալ Կանադայից: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց սփյուռքի քարտեզագրման աշխատանքների ընթացքի մասին, ներկաներից շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել տվյալների հավաքագրման աշխատանքներին:

Անդրադարձ կատարվեց նաև պետական համակարգում սփյուռքահայերի ներգրավման ընթացակարգում առկա օրենսդրական խոչընդոտներին: Գլխավոր հանձնակատարը նշեց՝ մեկնարկել են «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի պատրաստման աշխատանքները, և երկիրը ոչ միայն օրենսդրորեն, այլև իր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի հայրենադարձության: «Պետությունը պետք է  հնարավորություն տա իր հայրենակիցներին Հայաստանում ապրել, կայանալ, աշխատել, ներուժը ներդնել հայրենիքում»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Երիտասարդ ուսանողները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի լավագույն կրթական հաստատությունները, ուրախությամբ ընդգծեցին, որ իրենց գործունեության ընթացքում ամենամեծ ուշադրությունը դարձնում են  հայրենադարձությանը, սակայն բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի հնարավորությունների, աշխատատեղերի, սոցիալական ծառայությունների մասին: Նրանք նշեցին, որ իրենց մի մասը պատրաստ է վերադառնալ, աշխատել հայրենիքում, և առաջարկեցին առաջիկայում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հարթակներ ստեղծել: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ շուտով հասանելի կլինի գրասենյակի կայքը, որը լինելու է հագեցած ու մատչելի տեղեկատվությամբ և նորարարական բազմաթիվ հնարավորություններով: 

Հայ երիտասարդներն առաջարկեցին նաև տարբեր համայնքներում հայրենադարձությանը նպաստող հասարակական կազմակերպություններ ստեղծել՝ օգտագործելով հատկապես երիտասարդների ներուժը: Նրանք կարևորեցին համահայկական ուսանողական հավաքների անցկացումը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am