Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը

Armenpress 14:53, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ տանելով հայ հին և միջնադարյան արվեստի հետ:

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվի վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերի ու նշանակության, հուշարձանների պահպանման կարևորության մասին: Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) կփորձեն պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում օգոստոսի 9-ին պաշտոնապես բացված ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը: Ներկայացվում է Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն, որը ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am