«Իմ քայլը» խմբակցությունը կիսում է Ամուլսարի հարցով վարչապետի հնչեցրած վերջին դիրքորոշումը

Armenpress 14:45, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Փաշինյանի հետ Ամուլսարի հարցով քննարկում է ունեցել այն նույն շեշտադրումներով, ինչը վարչապետը ներկայացրել է իր ուղիղ եթերում, իրենք կիսում են այդ դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրենսդիրի տիրույթում չէ հարցին որոշում տալը, սակայն որպես քաղաքական թիմ, ունենք մեր դիրքորոշումը: Վարչապետը նշեց որպես իրավական պետություն գործելու անհրաժեշտությունն ու բացառապես այդ տիրույթում գործելը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չեն կարող հաշվի չառնվել նաև բնակիչների մտահոգությունը, բնապահպանական խնդիրները և այլն: Եվ այս փուլում խնդիր է դրվում, որ տեսչական մարմինն անմիջապես գործողություններ սկսի այնտեղ և վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն: Այս փուլում ոչ թե հանքի շահագործման մասին է խոսքը, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում: Եվ ընդ որում ընդգծվեց, որ եթե անգամ շինարարական աշխատանքների պարագայում նկատվի որևէ խախտում, շեղում նշված չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եվ այս դիրքորոշման հետ «Իմ քայլը խմբակցությունը համաձայն է և կիսում է»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք դեմ են հանքի շահագործմանը՝ Մակունցն ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունն ունեցել է քննարկում հենց նույն շեշտադրումներով և նույն հարցերի շուրջ, ինչը վարչապետը ներկայացրեց վերջին ուղիղ եթերի ընթացքում: Նա վստահեցրեց՝ առարկություն առ այն, որ պետք է գնալ այլ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել:

Միևնույն ժամանակ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ վարչապետի կողմից նշված որոշումը չի հակասում ժողովրդի շահերին: Մակունցի կարծիքով՝ կայացվում է այնպիսի որոշում, գնալու են այնպիսի քայլերի, որոնք որևէ կերպ չեն վնասի պետությանը, պետական շահին, բնակչությանը, բնապահպանությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am