Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի իր թեկնածության առաջնայնությունները

Armenpress 17:51, 7 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը սեպտեմբերի 6-ին մասնակցեց Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ 

Միջոցառմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022 ժամանակահատվածի համար Հայաստանի առաջնայնությունները և հանձնառությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի ձգտումն առաջին անգամ ընտրվելու Մարդու իրավունքների խորհրդում հիմնված է մարդու իրավունքների համընդհանրության և փոխկապվածության տեսլականի ու ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանի նշանակալի առաջընթացի վրա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը մշակել է բարեփոխումների հավակնոտ և համապարփակ ծրագիր, որը միտված է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացն անշրջելի դարձնելուն։ Հայաստանի առաջնայնությունների թվում Մհեր Մարգարյանը շեշտեց ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը՝ ներկայացնելով այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված քայլերը ՄԱԿ-ում, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդում։ Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման գործում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ընթացքում Մհեր Մարգարյանը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ պետությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am