Օպերային թատրոնի բալետային խումբը պահանջում է ղեկավարի հրաժարականը. վերջինս հերքում է մեղադրանքները

Armenpress 15:53, 7 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը` ընդգծելով, որ չեն ցանկանում աշխատել նրա հետ: Պարողները պնդում են, թե Գրիգորյանը չի հարգում արտիստներին, սպառնալիքներով է խոսում նրանց հետ` նպաստելով աշխատանքային վատ մթնոլորտի ստեղծմանը: Արմեն Գրիգորյանը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները` նշելով, որ պարողները խուսափում են աշխատանքից, և ինքը չի պատրաստվում հեռանալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 7-ին բալետային խմբի ներկայացուցիչների լրագրողների հետ հանդիպմանը առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ յուրաքանչյուր արտիստի առողջ մթնոլորտ է անհրաժեշտ ստեղծագործելու համար, այնինչ երկու տարվա ընթացքում դա անհնար է դարձել Արմեն Գրիգորյանի շնորհիվ:

«Այդ տարիների ընթացքում մենք բազմիցս քայլեր արել ենք, փորձել խոսել Գրիգորյանի հետ, որ բարեփոխումներ արվեն,  որ վերանայի իր բնավորության գծերը: Նա հաշվի չի առնում մեծ կամ փոքր,  չի հարգում արտիստներին,  չի հարգում արժեքները: Հաճախ ընդհատում է բալետմայստերին, հակաճառում`  շեշտելով, որ օպերային թատրոնն իրենն է, ու մենք  պարտավոր ենք լռել: Գրիգորյանն անգամ օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի ձեռքից բարձրախոսն է խլել ու փորձ անցկացրել`թատրոնից հեռացնելու սպառնալիքներ տեղալով: Ի՞նչ է, մենք բռնապետությունո՞ւմ  ենք աշխատում»,-ստեղծված մթնոլորտը ներկայացրեց արտիստը:

Մուրադյանի խոսքով` իրենք բազմիցս խնդիրը բարձրացրել են` դիմելով օպերային թատրոնի տնօրինությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին: «Տնօրինությունից արձագանքը եղել է այն, որ անհրաժեշտ է մարդուն ժամանակ տալ, որ շտկվի: Նշել են, որ պետք է խոսել նրա հետ: Իսկ մենք տեղեկացրել ենք, որ բազմիցս առանձնազրույցներ ենք ունեցել Գրիգորյանի հետ` փորձելով հարցին լուծում տալ: Բալետային խմբի ավելի քան ութսուն տոկոսը չի ցանկանում աշխատել այն բացասական  մթնոլորտում, որի պատճառն Արմեն Գրիգորյանն է»,-շեշտեց մենապարողը:

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի թղթակցի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշել էր, որ իր դեմ բողոքների  ակունքներում կանգնած  է Ռուբեն Մուրադյանը, ով ցանկանում է զբաղեցնել իր պաշտոնը: Անդրադառնալով  այդ  հարցին` Մուրադյանը պատասխանեց, որ չի ցանկանում դառնալ ղեկավար, քանի որ դեռ պետք է պարի և ցանկանում է պարել: «Մեր այսօրվա խնդիրն այն չէ, թե ով է դառնալու ղեկավար, այլ այն, որ մենք չենք ցանկանում` մեր ղեկավարը լինի Արմեն Գրիգորյանը: Անկախ ամեն ինչից,  խնդիրը պետք է լուծել կոլեկտիվ որոշմամբ»,-եզրափակեց  Ռուբեն Մուրադյանը:

Մի շարք այլ խնդիրներ բարձրաձայնելուց զատ արտիստներից ոմանք էլ շեշտեցին, որ միայն  առաջնախաղից առաջ են տեղեկանում, թե որ պարողն է բեմ դուրս գալու այս կամ այն կերպարը մարմնավորելու, ինչը հոգեպես և ֆիզիկապես բարդություններ է առաջացնում պարողների համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Արմեն Գրիգորյանի հետ հնչած մեղադրանքների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով: Վերջինս ընդգծեց, որ ինքը միայն աշխատանքային պահանջներ է ներկայացրել պարողներին, որոնց  նրանք սովոր չեն: «Պարողները մշտապես անկառավարելի են եղել, իսկ երբ պահանջում ես ռեալ աշխատանք, նրանք նման քայլերի են դիմում: Դիմացան երկու տարի, հետո հասկացան, որ պետք է քանդեն ամեն բան: Եթե ես ինչ-որ բան աշխատանքային դաշտում կամ մարդկային հարաբերություններում խախտել եմ, խնդրեմ, դրա համար կա դատարան և աշխատանքային օրենսգիրք»,-շեշտեց բալետային խմբի ղեկավարը:

Գրիգորյանի խոսքով` խմբում կան պարողներ, որոնք ամեն օր ուշանում են, և ինքն ամաչում է նրանց փոխարեն: Նա հավաստիացրեց, որ  ամեն ներկայացման  մեջ  մեկ դերի համար երկու կամ երեք պարող է ընտրվում և ներկայացումից մեկ ամիս առաջ նրանց տեղեկացնում են, թե ով է բեմ դուրս գալու: «Ես այդպես եմ արել. հաճախ պարողներն ասել են, որ վնասվածք ունեն ու հրաժարվել են ներկայացումից: Ես տեսել եմ, թե նրանցից ով է ավելի պատրաստ, ժամանակ եմ տվել աշխատելու և բեմ բարձրանալու համար»,-պատմեց Գրիգորյանը:

Նա  ընդգծեց, որ երբևէ չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից: «Չաշխատող, ոչինչ չանող մարդը չի կարող ինձ իմ տեղից հանել: Ես մեծ աշխատանք եմ կատարել այս երկու տարվա ընթացքում և, մամուլի ասուլիս հրավիրելով, փաստերով կխոսեմ այդ մասին»,-եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am