Սիմֆոնիկ նվագախումբը Մանսուրյանի կինոերաժշտությունը Երևանում հնչեցրեց նոր գործիքավորմամբ

Armenpress 20:18, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան 80» փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ Երևանում նոր գործիքավորմամբ ներկայացրեց կոմպոզիտորի կինոերաժշտությունը:

Երեկոն անցկացվեց սեպտեմբերի 6-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սմբատյանն ասաց, որ նվագախումբն անհավանական մեծ սեր է տածում Մանսուրյանի ստեղծագործությունների հանդեպ: «Մաեստրոյին բոլորն են շատ սիրում, իսկ այս փառատոնը յուրահատուկ է, քանի որ հնարավորություն է տալիս հանրության լայն շրջանակին մատուցել Մանսուրյանի բազմաժանր ստեղծագործությունները»,-նշեց նա:

Դիրիժորի խոսքով`Հայաստանում մաեստրոյին գնահատում են, որպես կինոերաժշտության մեծագույն վարպետի: «Նրա կինոերաժշտությունը թանկ է տարբեր սերունդների ներկայացուցիչների համար: Այն այնքան հզոր է, որ շատ երեխաներ, փոքրիկներ, երիտասարդներ, որոնք չեն դիտել ֆիլմերը, անգիր գիտեն երաժշտությունը: Երբ Մանսուրյանի հետ որևէ տեղ ենք գնում, իրարանցում է սկսվում. բոլորը ցանկանում են լուսանկարվել նրա հետ»,-պատմեց Սմբատյանն ու հավելեց, որ աշխարհը Մանսուրյանին ճանաչում է սիմֆոնիկ, կամերային բարդ ստեղծագործություններով` նրան համարելով նոր շունչ բերող կոմպոզիտոր:

Տիգրան Մանսուրյանն էլ ասաց, որ փառատոնի շրջանակում կազմակերպված համերգային երեկոներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում. հանդիսատեսը ջերմ է: Նա խոստովանեց, որ իր կինոերաժշտությունը շատ են սիրում:

Համերգին մանսուրյանական խորաթափանց երաժշտությանը զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ «Աշնան արև», «Կտոր մը երկինք», «Գիքոր»,«Մեր մանկության տանգո», «Ճերմակ անուրջներ» և այլ սիրված կինոնկարներից, որոնցում հնչում են Մանսուրյանի ստեղծագործությունները:

Երեկոյին, որն անցկացվեց մարդաշատ դահլիճում, ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում: Այնտեղ հնչել է մաեստրոյի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թևածել է մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին մատուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը: Համերգի մենակատարներ են եղել դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։

Համերգաշարն ամփոփվելու է սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացնում է  Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am