Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 17:58, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ  Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, պատվիրակությանն ուղեկցել են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Եղիազարյանը, ԲՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը, Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: 

Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում: 

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշել է, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Բելառուսն իրենց պատմության ընթացքում ծանր ժամանակներ են ապրել: «Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ծանր է եղել, ինչպիսի բարբարոսություն: Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այն չկրկնվի եւ պետք է ստեղծել խաղաղ ու համերաշխ ապրելու պայմաններ»,- ասել է Բոլեսլավ Պիրշտուկը: 

Նույն օրը երկու երկրների խորհրդարանականներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պատմությանը, շրջել սրահներով, դիտել «Թումոյի» վերաբերյալ տեսաֆիլմ: 

Այնուհետեւ Վահե Էնֆիաջյանն ու Բոլեսլավ Պիրշտուկը ստորագրել են համատեղ կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ եւ հետագա միջխորհրդարանական ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հուշագիր: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բելառուսական կողմի հետ գործակցությունը եւ նշել, որ այն լինելու է շարունակական:

Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նույնպես կարեւոր է համարել երկուստեք համագործակցությունն ու հույս հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների աջակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի նաեւ Մինսկում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am