Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպանին

Armenpress 14:41, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Սեպտեմբերի 6-ին  ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, դեսպան Բոլբոչանն ասել է, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Այս համատեքստում նշվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության և պաշտոնական փոխայցելությունների դերը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կողմերը կարևորել են Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը:

Զրուցակիցները քննարկել են նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, հումանիտար և մշակութային համագործակցությանը և ավիահաղորդակցությանը վերաբերող հարցեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am