Թուրք-ամերիկյան ուղղաթիռները թռիչք են իրականացրել դեպի Եփրատի արևելք

Armenpress 18:01, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու թուրքական և երկու ամերիկյան ուղղաթիռներ թռիչք են իրականացրել դեպի Սիրիայի հյուսիս՝ Եփրատ գետի արևելյան տարածքներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ թռիչքները իրականացվել են Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելուն ուղղված թուրք-ամերիկյան համատեղ գործողությունների առաջին փուլի շրջանակներում:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:

Թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են հասել, և օգոստոսի 24-ից սկսել է գործել Համատեղ գործողությունների կենտրոնը, որը համակարգելու և ղեկավարելու է անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:

Թուրքիայի նախագահ խոսնակ Իբրահիմ Քալընը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին հայտնել է, որ թուրքական կողմը ավարտել է անվտանգ գոտի ստեղծելու համար իրականացվող նախապատրաստական աշխատանքները և ակնկալում է թափ հաղորդել հետագա համատեղ իրականացվելիք քայլերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am