1000х90.jpg (78 KB)

Ապօրինի ջրօգտագործման հետևանքով բնությանը պատճառված վնասը կհաշվարկվի

Armenpress 14:47, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոս բարձրացնելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել այն անել արդեն այս տարվա սեպտեմբերից: «Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար այն լավ գործընթաց է` բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու առումով»,- ասել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ համակարգն արդյունավետ դարձնելու համար իրականացվում են  նաև այլ գործընթացներ՝ ատեստավորման նոր համակարգի ներդրում, աշխատավարձի բարձրացում՝ արդյունքի հետ կապված: «Մենք պատրաստվում են սահմանել  դպրոցների ֆինանսավորման բանաձև, որտեղ  մեկ դրույքի համար նվազագույն շեմը կլինի 108 հազար դրամ: Հույս ունեմ, որ դա մենք կունենանք  հունվարից:  Այն մեզ թույլ կտա ավելի կանխատեսելի դարձնել համակարգը և չունենալ այն մեծ տարբերությունները, որոնք առկա են դպրոցների ֆինանսավորման հետ կապված: Այսինքն՝ ֆինանսավորման համակարգն ավելի արդար կլինի. բացի ըստ աշակերտի, հաշվի կառնվեն նաև դպրոցների այլ կարիքները՝ դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն»,-նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք աշխատավարձի բարձրացումը նույն չափով համատարած է:

Արայիկ Հարությունյանը հաստատել է և հավելել, որ կեղծ են այն լուրերը, որոնց համաձայն՝ համատարած կրճատումներ են արվում աշխատավարձի բարձրացումն իրականացնելու համար: «Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին եղել են նախկինում և հիմնականում կապված են եղել տարիքայինի հետ: Այսինքն՝ մենք ուսումնական պլաններ չենք կրճատել, որի արդյունքում դրույքաչափեր կկրճատվեն: Որևէ գործողություն այս ուղղությամբ չի եղել և այս գործընթացի հետ կապված որևէ կրչատում չկա»,-նշել է նախարարը և  կոչ արել լրատվամիջոցներին՝ տուրք չտալ այդ տեղեկություններին:

Ն.Փաշինյանն ընդգծել է, որ գործընթացի խորքային նպատակներից մեկը դպրոցներում ուսուցիչների որակավորման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ որակ ապահովելն է. «Սա կարևորագույն խնդիր է, որովհետև պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդիրը լուծելու համար մենք աշխատավարձի բարձրացումն անընդհատ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում: Եվ նաև պետք է մեխանիզմ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչպես են մեր այս որոշումներն ազդում բուն հանրակրթության որակի վրա, ուսուցիչների աշխատանքի որակի վրա: Իհարկե, այս աճը մենք չենք համարում, որ, ենթադրենք, հեղափոխական է, բայց մյուս կողմից, սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել, որ որակի հետ ուղիղ առնչություն ունենան»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն պահին, երբ համոզվենք, որ աշխատավարձի բարձրացումն իր հետ անխուսափելիորեն բերում է ուսուցչական կադրերի, նրանց գործունեության, նրանց կողմից մատուցվող ծառայության որակի բարձրացման, այն կլինի անընդհատ և շարունակական գործընթաց: «Եվ այստեղ շատ մեծ պատասխանատվություն է դրված նաև հենց իրենց՝ դպրոցների վրա, որպեսզի նրանք այս օրակարգն արձանագրեն, և մենք կարողանանք բարձր որակավորում ունեցող ուսուցիչներին տարբերակել ոչ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներից»,- ասել է վարչապետը:

Աջակցություն կտրամադրվի 2008 թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է   կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը  հատկացնել 720 մլն  դրամ:  Աջակցությունը տրամադրվելու է  միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով. ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ այնուամենայնիվ ևս մեկ անգամ արձանագրենք, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն: Իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած որոշումների հիման վրա: Ես սա հատուկ եմ ընդգծում, քանի որ հայտնի փաստ է, ես ինքս էլ առնչություն ունեմ մարտի 1-2-ի իրադարձություններին, շատ կարևոր է, որպեսզի այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Բայց, քանի որ մենք չգիտենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երբ կկայացնի այս հարցով որոշումներ, և չստացվի այնպես, որ այս պայմաններում մեր կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին և տուժածներին աջակցություն ցույց տալու համար, մենք այս որոշումը հիմա կայացնում ենք Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա: Վերջնանդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա: Ես նկատի ունեմ չափը, թե ինչ չափի փոխհատուցում պետք է տանք: Որպեսզի այդ իրադարձությունների մեջ ներգրավված անձինք չորոշեն այդ չափերը, որտեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ ընկալումներ, ճիշտ է, որ մենք ազդակը ստանանք ՄԻԵԴ-ից և միջազգային չափանիշներով ընդունված ձևով կայացնենք որոշում: Սա, ըստ էության, միջանկյալ որոշում է, որի հետագա կարգավիճակը նույնպես պարզ կլինի ՄԻԵԴ-ի կողմից ընդունված որոշումների հիման վրա»:

Կբարելավվեն դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները

Կառավարության մեկ այլ որոշմամբ 176,706 մլն դրամ կհատկացվի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս քրեակատարողական հիմնարկների մեծ մասը կապիտալ վերանորոգումների անհրաժեշտություն ունեն. վերջին կապիտալ վերանորոգումները իրականացվել են 2006թ.: Որոշման ընդունման արդյունքում կբարելավվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները: Մասնավորապես`  կիրականացվեն արտաքին և ներքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կառուցման, կապիտալ վերանորոգման աշխատանքներ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի,  «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պահման պայմանները բարվոք չեն համարյա բոլոր քրեակատարողական հիմնարկներում: «Մենք ուրիշ պրոբլեմ էլ ունենք: Մեր քրեակատարողական հիմնարկների մեծ մասը Հայաստանի օրենսդրությամբ սահմնաված չափանիշներին ընդհանրապես չի համապատասխանում: Այս խնդիրը շատ ավելի խորն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել  «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, համաձայնագրի կնքման հիմնական նպատակը երկրների համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումն է: Արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման  կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը: Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են, մասնավորապես, պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության  ավելի բարձր աստիճանի, ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար: ՀՀ արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ, ինչպես և մյուս ԵԱՏՄ անդամ պետությունները: Համաձայնագիրը նախատեսում է մաքսային մարմինների հետ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների փոխազդեցության ավելի կանխատեսելի կարգ, ինչպես նաև պարունակում է կողմերի իրավասու մարմինների միջև վարչական համագործակցության ընդլայնված գործիքակազմ՝ ուղղված օպերատիվ փոխգործակցությանը վիճահարույց հարցերի քննարկման ժամանակ, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում սակագնային արտոնությունների ստացման համար հնարավոր չարաշահումների կանխարգելմանը:

Հավանության են  արժանացել  ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի N 13 փոփոխության» և «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 8» ստորագրման առաջարկությունները:  ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 13 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 3,700,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը: Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` տրամադրելով  4,785,000 ԱՄՆ դոլարի չափով  լրացուցիչ ֆինանսավորում`  ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Մասնավորապես՝ լրացուցիչ  ֆինանսական հատկացումներ են պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ և արագ իրականացման ապահովումը: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց  իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրակացմանը, առավել կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Համաձայնագրի վերոնշյալ փոփոխությամբ ֆինանսական պլանի ցանկը լրացվել է նոր՝ մակրոտնտեսական ոլորտով, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանում տնտեսական աճի համար, քանի որ այն միտված է ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր:

             

Ապօրինի ջրօգտագործման հետևանքով բնությանը պատճառված վնասը կհաշվարկվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է սահմանել ջրի անտնտեսվար կամ ոչ նպատակային կամ առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման և դրա արդյունքում պատճառվող վնասի հաշվարկման հիմքերը, բանաձևը, ինչպես նաև տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկում օգտագործվող նոր չափաքանակները: Արդյունքում՝ կհաշվարկվի նշված գործողությունների իրականացման հետևանքով բնությանը պատճառված վնասը:  Ակնկալվում է նաև ջրային  ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկում օգտագործվող չափաքանակների նվազեցում: Ներկայումս ջրային ռեսուրսներից ապօրինի օգտվելու, այսինքն՝ ջրի անտնտեսվար կամ ոչ նպատակային կամ առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկ օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի հետևանքով նշված գործողությունների իրականացման հետևանքով անձինք ենթարկվում են բացառապես վարչական պատասխանատվության:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am