ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի. Դավիթ Անանյան

Armenpress 13:51, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացնում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիրառվում է ծայրահեղ դեպքում: Այդ մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում են տնտեսվարողներն աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում խնդիրներ են առաջացել:

Նրա խոսքով՝ տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, և այն լինելու է վերջին կիրառման գործիք, որից այս պահին ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում:

Հարցին, թե նման մեղմ մոտեցում ցուցաբերվում է բարձրացած աղմուկից հետ, Անանյանն ասաց, որ աղմուկի բան չկա: «Ես որպես ՊԵԿ նախագահ իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրահանգել, որ, օրինակ, գնացեք,  տեսեք ՀԴՄ կանոնների շահագործման խախտում կա, կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում և կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջ, և մի տուգանեք: Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալու ի պաշտոնե, որովհետև դա կլինի օրենքի խախտում ու վարչարարության սխալ իրականացում: Բայց ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ կա առաջնահերթությունների սահմանում, երբ կա հարկ վճարողների, կամ  պոտենցիալ հարկ վճարողների շրջանակի բացահայտման առումով որոշակի առաջնահերթությունների սահմանման հայեղոցականություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՊԵԿ նախագահը՝ ավելացնելով, որ շատ դեպքերում ՊԵԿ-ն իր վարչարարությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հանրության կարծիքը: Ըստ նրա, կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով՝ միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Ըստ Անանյանի, ՊԵԿ-ն, իհարկե, երկրորդն է:

Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ ու բիզնես իրականացնել,  բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով՝ ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական: «Նաև բիզնեսին եմ ես ինչ-որ տեղ հասկանում: Ազատականացումը, որ կառավարությունը ձեռնարկել է, շատ դեպքերում բիզնեսը կարող է չհավատալ այդ ազատականացմանը: Եվ իր քայլերը ոչ թե առաջանցիկ տեմպերով անի, այլ պետք է լինի զգույշ և հաշվենկատ»,- նկատեց նա:

Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:

Նրա խոսքով՝ այսօր 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: Նա շեշտեց, որ պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել, բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չէ:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է: «Եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», - վստահեցրեց ՊԵԿ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am