Ազգային գրադարանը ցուցահանդեսով ներկայացրեց մի շարք այբբենարանների եզակի նմուշներ

Armenpress 17:15, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյոթերորդ դարից մինչև մեր օրերը Հայաստանում և այլ երկրներում հրատարակված այբբենարանների եզակի ցուցանմուշները,  որոնք տարիներ շարունակ պահվում են Հայաստանի ազգային գրադարանի հարուստ ֆոնդերում, ներկայացվեցին հետաքրքրասերների ուշադրությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսում, որը բացվեց սեպտեմբերի 4-ին գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում, մի շարք հետաքրքիր նմուշների կողքին ցուցադրված է 1675 թվականին Մարսելի «Ս.Էջմիածնի և Ս.Սարգսի» տպարանում Ոսկան Երևանցու ջանքերով հրատարակված հնատիպ այբբենարանը` «Գիրք այբուբենից»-ը, որն ընդունված է անվանել  նաև Ոսկանյան այբբենարան: 

Գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը վերոնշյալ այբբենարանից բացի առանձնացրեց նաև 1860 թվականին Փարիզում հրատարակված «Հայկազն մանկանց», 1893-ին Վիեննայում լույս տեսած «Այբբենարան-հեգարան», 1909 թվականին Թիֆլիսում հրատարակված «Նոր այբբենարան» նմուշները: 

«Ուշադրության են արժանի 30-ական թվականներին Հայպետհրատի  հրատարակած  այբբենարանները: Ներկայացված են նաև  անգրագիտության վերացման  նպատակով երեկոյան դպրոցներում կիրառվող  մեծահասակների  և դեռահասների  համար նախատեսված  այբբենարան-ընթերցարանները: 

Ցուցահանդեսը ժամանակագրական սկզբունքով է արվել, որպեսզի այցելուները կարողանան հասկանալ, թե ինչ զարգացում է ունեցել այբբենարանների հրատարակության արվեստը 17-րդ դարից մինչև մեր օրերը»,-շեշտեց Սարիբեկյանը: 

Գրադարանում հյուրընկալվել էր գրող, թարգմանիչ, այբբենարանների հեղինակ Վաչագան Սարգսյանը, որն այբբենարանների պատմության մասին դասախոսություն կարդաց ներկաների համար: Նա ասաց, որ Մաշտոցի ստեղծած այբբենարանը մեզ չի հասել: «Առաջին ձեռագիր այբբենարանը, որը փոխանցվել է մեզ, ստեղծվել է 1430 թվականին, իսկ տպագիրը` դրանից հարյուր տարի հետո: Այնուհետև մեզ է հասել աշխարհաբար առաջին այբբենարանը, որը 1871 թվականին է ստեղծվել, հետո` Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղ կրթության»-ը: Հետագայում շատ այբբենարաններ են ստեղծվել, բայց ամենանշանավորը Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի այբբենարանն էր: Հեղինակն ասում էր, որ իր ստեղծած այբբենարանը 500 հազար տուն է մտել. իրականում այդպես էր»,-պատմեց Սարգսյանը: 

Նա  կարևորեց նաև Ղազարոս Աղայանի այբբենարանը, որը քառասուն տարի է գոյատևել: «Նշանակալի են նաև Իսահակյանի, Թումանյանի, Հայրապետ Հայրապետյանի այբբենարանները: Երբ այբբենարանների համար նոր դարաշրջան սկսվեց, պետական ծրագրով, նոր չափորոշիչներով ստեղծվեց Աշոտ Տեր-Գրիգորյանի և Արմեն Վարդանյանի այբբենարանը, որը տպագրվեց 25 տարի»,-ընդգծեց Սարգսյանը:

Խոսելով իր հեղինակած այբբենարանի մասին` նա նշեց, որ 1998 թվականից առ այսօր իր այբբենարանն է դպրոցներում, որը տպագրվել է 800 հազար օրինակով:

 

«Դրանք հետաքրքիր են, հարուստ են խաղերով, երեխային հնարավորություն են տալիս մտածելով սովորել»,-եզրափակեց հեղինակը:

 

Ցուցահանդեսին ներկա էին նաև դպրոցականներ, որոնց համար և որոնց մասնակցությամբ կազմակերպվեցին ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, և լավագույններն արժանացան մրցանակների:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am