Հայաստանում համերգով հանդես կգա համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդը

Armenpress 14:53, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Silk Note Festival-ի շրջանակում նոյեմբերի 8-ին, ժամը 18:00 Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա հանրահայտ Պառով Ստելար բենդի համերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաշխարհային ճանաչում վայելող խումբն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում:

Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են:

Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին Kiss kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ: Պառով Ստելարը մեծ պահանջարկ ունի համագործակցությունների և ռեմիքսների իրականացման ոլորտում: Նա աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի և բազում այլ արտիստների հետ:  

8 Amadeus Austrian Music Awards հաղթող է (դրանցից 5-ը՝ լավագույն էլեկտրոնային/պարային, 2-ը՝ լավագույն կենդանի կատարում և 1-ը՝ լավագույն ալբոմ անվանակարգերում):

Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, դրանցից են, օրինակ, Նյու Յորքի PlayStation Theater-ում, Լոնդոնի Alexandra Palace-ում, Փարիզի Zenith-ում և եվրոպական այլ սրահներում կայացած համերգները:

Պառով Ստելար բենդի երևանյան համերգին կհնչեն խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ: Նշենք նաև, որ հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Համերգի տեխնիկան սպասարկող ամբողջ անձնակազմը Հայաստան է ժամանելու եվրոպական երկրներից:

Հավելենք, որ խմբի երևանյան համերգը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։

Ի դեպ, համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը: Համերգից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am