Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով անվճար սպասարկում է ստացել 212 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ 212 քաղաքացի պետպատվերով ստացել է բուժսպասարկում, նրանցից 182-ը վերադարձել է բնականոն առողջ կյանքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանն ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Վարչապետը նկատեց, որ ծրագիրն այս տարի առաջին անգամ է ներդրվել և հետաքրքրվեց արդյունքներով: Թորոսյանի խոսքով՝ իրականացվում է գլխուղեղի ներանոթային միջամտություն: «Խոսքը միայն 24 ժամվա ընթացքում առաջացած դեպքերի մասին է, երբ կա իրական շանս՝ մարդուն ամբողջությամբ առողջացնելու: Եթե ինսուլտը զարգացել է ինչ-որ մի ժամանակահատվածում, ապա դեռ հույս կա խցանված անոթը բացելու, որ արյան շրջանառությունը գլխուղեղում վերականգնվի: Դրա բուժման երկու ձև կա, առաջինը թրոմբը ցրելու համար դեղ է ներարկվում, եթե դա չի ստացվում, ապա անոթով մտնում են և գլխից թրոմբը քաշում, հանում»,-ասաց Թորոսյանը:
Ներկայում ծառայությունը մատուցվում է երկու բուժհաստատությունում՝ «Էրեբունի» և «Հերացի» հիվանդանոցային համալիրում, աշխատում են 3-րդ կենտրոնում՝«Աստղիկ» ԲԿ-ում ևս այն իրականացնելու ուղղությամբ: Թորոսյանի խոսքով՝ Շտապօգնության բրիգադների լայնածավալ վերապատրաստում են արել, որ ախտանիշները տեսնելու դեպքում միանգամից կապվեն հիվանդանոցների հետ:
Թորոսյանի խոսքով՝ 212 պացիենտի համար մոտ 350 մլն դրամ գումար են ծախսել:
Վարչապետը հետաքրքրվեց, թե քանիսն են լիարժեք նախկին կյանքին վերադարձել: «212-ից 182 հոգի վերադարձել է պրակտիկ առողջ կյանքի, դժբախտաբար 30 մարդու չի հաջողվել փրկել»,-ասաց նախարարը: