Թուրքիայի նախագահը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդի հետ

Armenpress 16:00, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ակոս»-ը:

Թուրքիայի նախագահը Մաշալյանից հետաքրքրվել է Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացով, ինչին ի պատասխան, Մաշալյանը նշել է, թե սպասում են, որ կառավարությունը հրապարակի կանոնակարգը։

Էրդողանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից պահանջել է տեղեկություն այդ հարցով: Նախարարը շեշտել է, որ մեկ շաբաթվա մեջ կառավարությունը կհրապարակի կանոնակարգը։

2019 թ. մարտի 8-ին մահացել է Պոլսո հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, ինչից հետո պատրիարքական փոխանորդ է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։ Ավելի ուշ ստեղծվել է ընտրությունները կազմակերպող և համակարգող նախաձեռնող խումբ, որի նախագահ է դարձել Խոսրով Քոլեդավիթօղլուն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am