Չավուշօղլուն խոսել է սիրիական Իդլիբի հարցի շուրջ զարգացումների մասին

Armenpress 15:03, 30 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը պաշտոնական այցով գտնվում է Նորվեգիայում, Սիրիայի թեմայով կարևոր հայտարարությամբ է հանդես եկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվամիջոցը:

Չավուշօղլուն նշել է, որ թուրքական զորքերը Սիրիայից դուրս կգան միայն այն դեպքում, երբ երկրում իրավիճակը հարթելուն ուղղված քաղաքական լուծում գտնվի:

Նա, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծել է, որ հարձակումների շարունակման դեպքում Իդլիբից փախստականների նոր ալիք է սկսվելու դեպի Եվրոպա:

Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային երաշխավորել է Սիրիայում գտնվող թուրքական զինված ուժերի դիտակետերի ուղղությամբ չհարձակվելու հարցում:

Սիրիական ուժերը օգոստոսի 19-ին ռմբակոծել են Իդլիբի շրջանի Հան Շեյհուն քաղաք տանող ճանապարհը, ինչի հետևանքով անհնար է դարձել Հան Շեյհունի թուրքական դիտակետեր լրացուցիչ ուժեր ուղարկել:

Վերջին օրերին Իդլիբի ուղղությամբ շարունակվել են հարձակումները, որոնց հետևանքով սպանվել է 15 և վիրավորվել՝ 30 մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am