Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել քրեակատարողական վարչություն

Armenpress 09:50, 30 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի շրջանակում  Պաշտպանը ծանոթացել է ազատազրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ներառյալ՝ նրանց պահման պայմաններին, վերաբերմունքին առնչվող իրավիճակին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի իրացմանը, առողջության պահպանման ու սննդի ապահովման պայմաններին և մի շարք այլ ուղղությունների: Բացի խցերում փակ հանդիպումների կազմակերպումից, Պաշտպանն իր շրջայցի ժամանակ նաև առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ազատազրկված անձանց հետ:

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:

Ազատությունից զրկված անձանց կողմից հարցեր են բարձրացվել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը իր իրավասության շրջանակներում կձեռնարկի օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am