Դեսպանահավաքի ձևաչափի նորությունն ու կարևորությունը

Armenpress 10:55, 29 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո  առաջին անգամ Երևանում մեկնարկել է ԱԳՆ կենտրոնական  ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը, որն իր նոր ձևաչափով տարբերվում էր նախկինում նման հավաքներից։  Տարբերությունը կայանում է նրանում, որ այն ենթադրում է ոչ միայն ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայությունների ղեկավարների, այլև պետական մարմինների ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների մասնակցություն։

Համաժողովի այս նոր համընդգրկուն ձևաչափը հնարավորություն է ընձեռում առավել համակողմանի անդրադարձ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններին, դրա հիմքում դրված առանցքային սկզբունքներին, դրանց կյանքի կոչման առավել արդյունավետ ուղիներին և հիմնական գործիքակազմին։

Համաժողովն այս տարի կրում է «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը, որն առաջին հերթին հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հայկական դիվանագիտության հիմքում դրված արժեքներին, արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս դրանց վրա շեշտադրում կատարելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ուշադրություն հատկացնել ժամանակակից աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման վրա։

Կարևոր է շեշտել, որ նման համաժողովը թույլ է տալիս Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ևս մեկ անգամ բարձրաձայնել իշխանությունների կողմից առանց կտրուկ շրջադարձերի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու հանձնառության ստանձնումը,  ինչպես նաև արտաքին քաղաքականության մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ կատարել հստակեցումներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն դիվանագիտական ներկայացուցիչների գործունեությունը։

Այս համատեքստում, թերևս, կարևոր է նշել այն գլխավոր «ուղերձ-հանձնարարականները», որ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչները ստացան ՀՀ վարչապետի կողմից։ Դրանք են՝

Ժողովրդավարությունը ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը դարձնելը, իսկ 2018թ. հայկական հեղափոխությունը աշխարհին պատշաճ կերպով մատուցելը։ Համահայկականության սկզբունքի որդեգրումը, որը պետք է նախ և առաջ նպաստի փոքր ազգի, փոքր երկրի, փոքր քաղաքական խմբի ներկայացուցիչ լինելու բարդույթի հաղթահարմանը և վերածվի ողջ հայությանը համախմբող գործոնի՝ հանգեցնելով միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի առավել ամրապնդմանը։

Դեսպանահավաքի այս նոր ձևաչափը, նրանում կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների ներգրավումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնահարցերին համակողմանի անդրադարձ կատարելու հնարավորություն է ընձեռում և կարևոր է նման ձևաչափի պահպանումն ու դրա շարունակականությունը՝ կարևոր հիմնախնդիրները համակողմանի վերլուծելու, դիվանագիտական գործունեության հիմքում ընկած սկզբունքները հստակեցնելու և արտաքին քաղաքական առաջնահերթությունները վերանայելու տեսանկյունից։

 

Իզաբել Շատոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am