Telegram-ի օպերատորները պլանավորում են թողարկել Gram կրիպտոարժույթը. The New York Times

Armenpress 11:35, 28 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram մեսենջերի օպերատորները, որը թույլ Է տալիս փոխանակել հաղորդագրություններ եւ տարբեր ձեւաչափերի մեդիաֆայլեր, պլանավորում են «առաջիկա երկու ամսվա ընթացքում» շրջանառության մեջ դնել Gram սեփական կրիպտոարժույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The New York Times ամերիկյան թերթը՝ հղում անելով ներդրողների թվից երեք աղբյուրի:

Նրանց տվյալներով՝ Telegram-ը պլանավորում Է տրանզակցիաներ իրականացնել Gram-ի օգտագործմամբ, որը հասանելի կլինի մեսենջերի հավելվածի 200 միլիոնից մինչեւ 300 մլն օգտատերերի: Հրապարակման համաձայն, այդ ծառայության օպերատորների հավակնությունների չափն ակներեւ դարձավ տակավին 2018 թվականի սկզբին, երբ նրանց հաջողվեց 1,7 մլրդ դոլարի չափով ներդրումներ ներգրավել խոշոր կապիտալի ներկայացուցիչներից, ներառյալ Սիլիկոնային հովտի վենչուրային հիմնադրամները: Ներկայացված փաստաթղթերում, որոնց ծանոթացել Է թերթը, ճշտվում Է, որ Gram-ը կառուցվածքային առումով գործելու Է նույնքան ապակենտրոնացված, որքան եւ բիթքոյնը՝ ավելի հեշտությամբ խուսափելով պետական հսկողության միջոցներից:

Նոր կրիպտոարժույթի կառավարումը ենթադրվում Է իրականացնել «համակարգիչների ապակենտրոնացված ցանցի օգնությամբ, որոնք Telegram-ին թույլ չեն տա հսկել Gram-ի շրջանառությունը»: թերթի աղբյուրներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ մեսենջերի օպերատորները, ի տարբերություն Facebook ամերիկյան ընկերության, որը հունիսին հրապարակավ հայտարարեց 2020 թվականին Libra կրիպտոարժույթը շրջանառության մեջ դնելու պլանների մասին, չեն բացահայտում իրենց նախապատրաստությունները եւ գործում են գաղտնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am