«Մալաթիա մոլ»-ում հրդեհից տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, բոլորը դուրս են գրվել։
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կան տուժածներ:
Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ: