Լույս է տեսել գրող Տիգրան Գաբոյանի «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» ժողովածուն

Armenpress 11:48, 24 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տպագրվել է սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանի թվով երրորդ բանաստեղծական ժողովածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը կոչվում է «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով»  և տպագրվել է պետպատվերի շրջանակում:

Ընդհանուր առմամբ տպագրվել է 300 օրինակ, շուտով դրանք կլինեն նաև գրախանութներում:

«Գրել եմ ազատ ոճի բանաստեղծություններ: Գրքիս վերնագիրը արտացոլում է իմ ապրած տարբեր երկրների քաղաքակրթությունների, մշակույթների բախումները, իմ մեջ արթնացած ալեկոծությունները: Վերնագրում տեղ գտած «ճեղքերս» բառը հենց նկարագրում է իմ ապրումները»,- նշեց Գաբոյանը և հավելեց, որ բանաստեղծություններում էլ կա նմանատիպ խորագիր:

Գիրքը գրվել է արևմտահայերենով, քանի որ, ըստ բանաստեղծի, հենց դա է այն լեզուն, որով ինքը մտածում է:

«Հայաստանի ընթերցողների մի մասը արևմտահայերենը երբեմն ընկալում է որպես հին լեզու, որը գեղագիտական իմաստով՝ ինձ մոտ էլ երբեմն հակասական մոտեցումներ է ստեղծում»,- անկեղծացավ Տիգրանը:

Խոսելով նախորդ իր երկու գրքի մասին, բանաստեղծն ասաց, որ առաջին գիրքն ավելի դասական ոճում է գրված՝ չափածոներ են, իսկ երկրորդում տեղ են գտել և չափածոներ և արդի բանաստեղծություններ:

Տիգրան Գաբոյանն առաջին՝ «Դեպի երկինք արձակված նետ» գիրքը  գրել է 1995 թվականին, իսկ երկրորդ՝ «Անմաս» գիրքը՝ 2003-ին:

Գաբոյանը նաև արաբերենի թարգմանիչ է, գրական-մշակութային գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ  և միջազգային հարաբերությունների մագիստրոս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am