Ոստիկանները բացահայտել են դիվանագիտական ծառայության մեքենայից կատարված գողությունը

Armenpress 10:30, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն վարչական տարածքում` փողոցներում, բակերում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենաներից օգոստոսի 22-ի գիշերը  գողություններ էին կատարվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գողության մասին առաջին ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ժամը 10.50-ին է ստացվել: Հայտնել են, որ գիշերը գողացել են Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված օտարերկրյա դիվանագիտական ծառայության «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները: 

Մեկնած օպերատիվ խումբը դեռ դեպքի վայրում է եղել, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ է ստացվել: Գիշերը Սարյան փողոցի շենքերից մեկի բակում դարձյալ «Մերսեդեսի» կողային հայելիներ էին գողացել: Երկու ժամ անց բաժնում հաղորդում է տվել ևս մեկ քաղաքացի` նույնաբովանդակ մի գողություն էլ Լեոի փողոցում էր կատարվել: Մեքենան կրկին «Մերսեդես» մակնիշի էր:

Հետաքննություն իրականացնող մարմինը անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկել: Ուսումնասիրվել են հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին գողություն անող երիտասարդին: 

Սակայն կասկածյալի միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր. անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան: 

Վերջին հաղորդումից րոպեներ անց քրեական հետախույզները պարզել են կասկածյալի ինքնությունը: 21-ամյա երիտասարդը, որ Ամիրյան փողոցի բնակիչ էր, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:  Գողոնը մասամբ հայտնաբերվել է:  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am