Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ

Armenpress 16:36, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ոլորտային հանդիպումները մասնավոր հատվածի հետ շարունակվում են։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նապարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են այդ ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները և առկա խնդիրները։ Բարձրացվել են գոտիավորմանը, նախագծերի համաձայնություններին, փորձաքննության ընթացակարգերին, ավարտական ակտերի տրամադրմանն առնչվող խնդիրներ։

Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել մեքենաշինական, սարքաշինական և էլեկտրատեխնիկայի արտադրության ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ճյուղի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց հուզող հարցերի շրջանակը․ ոլորտային կրթություն և կադրերի համալրում, ներկրվող հումքի որակ, ընկերություններին տրվող արտոնությունների ընթացակարգեր և պայմաններ, ֆինանսական միջոցների հասանելիություն, արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման միջոցառումներ և այլն։ Նախարարին նաև տեղեկատվություն է ներկայացվել ընկերությունների արտադրանքի, ծավալների և իրակացվող ծրագրերի մասին։

Ամփոփելով հանդիպումները, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am