1000х90.jpg (78 KB)

Միջազգային արբիտրաժի մասնագետը պարզաբանում է Լիդիանի կողմից արբիտրաժ դիմելու հնարավոր զարգացումները

Armenpress 15:21, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները:  Այս մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ նկատելով, որ վերջին շրջանում ներդրումների մի քանի թիվ է նշվել՝ 500 միլիոն, 700 միլիոն և 2 միլիարդ դոլար.  Ամուլսարի ներդրած գումարների մասին, սակայն, հանրությունը կտեղեկացվի, եթե միայն ներդրողը հայց ներկայացնի արբիտրաժային դատարան:

«Պետությունը պետք է ընդունի որոշում, որ ամբողջապես պետք է կարգավորի հանքարդյունաբերական դաշտը, խստացնի օրենսդրությունը և բնականաբար չպետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որոնք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ որևէ ներդրող հայտնվել է թիրախային իրավիճակում և բոլոր գործողությունները կենտրոնացած են մեկ ներկրողի դեմ: Սա վտանգավոր է նրանով, որ ստեղծում է պարարտ հող օտարերկրյա ներդրողների համար՝ բերել արբիտրաժային գործեր Հայաստանի դեմ, ինչն անցանկալի երևույթ է և ներառում է բազում վտանգներ»,-նշեց մասնագետը:

Խոսելով առհասարակ հանքարդյունաբերողի լիցենզիայի չեղարկման ազդեցությունների մասին՝ Պապյանը նկատեց, որ արբիտրաժին հնարավոր է դիմել կորպորատիվ վերակազմավորման, ինչպես նաև ֆիզիկական անձի միջոցով, որը վերջնական տիրապետում է այդ ակտիվներին կամ սեփականատերն է: Անգամ կարող է առաջանալ դիպլոմատիկ պաշտպանության հարց, այսինքն՝ ներդրողները դիմում են իրենց երկրին՝ նշելով, որ պաշտպանության կարիք ունեն:

«Լիդիանի պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորպորատիվ վերակազմավորումն իրականացվել է և դրանից հետո ուղարկվել է վեճի առկայության ծանուցումը (Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպությունները՝ Lydian UK Corporation Limited-ը եւ Lydian Canada Ventures Corporation-ը, 2019թ. մարտի 11-ին հայտարարել են Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին և տեղեկացրել են, որ կարող են դիմել միջազգային արբիտրաժ- խմբ.): Սա ամենևին էլ պատահական չէ. եթե վեճի առկայության ծանուցումն ուղարկվեր մինչև կորպորատիվ վերակազմավորումը, արբիտրաժային դատարանն ընդհանրապես կհրաժարվեր ընդունել իր իրավասությունը և գործը ի սկզբանե պարտված կլինեին»,-ընդգծեց Պապյանը:

Ընդհանրապես արբիտրաժ դիմելու դեպքում ներդրողը կարող է պնդել, որ իր նկատմամբ կիրառվել են խտրական գործողություններ, կարող են լինել դիսկրիմինացիայի, անուղղակի էքսպրոպրիացիայի (ունեզրկման), արդար, անաչառ վերաբերմունք չցուցաբերելու, ներդրումների ֆիզիկական պաշտպանվածության հարցեր, որոնք կարող են զգալի վնասներ պատճառել Հայաստանի դիրքերին, եթե ներդրողն ի վիճակի լինի հաղթել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am