Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ

Armenpress 14:23, 22 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը եւ հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել բոլոր միջոցները մայրաքաղաքի բնականոն ջրամատակարման վերականգնման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման շտաբի գործունեության ակտիվացման եւ Ստեփանակերտի քաղաքապետարանում թեժ գծի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, որի միջոցով քաղաքացիները կտեղեկացվեն ջրամատակարարման հստակ ժամանակացույցի մասին: 

Աշխատանքների համակարգման եւ միջոցառումների վերահսկողության իրականացումը հանձնարարվել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am