«Երևանյան բեսթսելեր». «Երկնագույն նետը» առաջին հորիզոնականում է. Մանկական գրականություն. հուլիս, 2

Armenpress 10:02, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Երկրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Երրորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Չորրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Հինգերորդ հորիզոնականում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»  նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...

Արփի Մաղաքյանի հեղինակած «Երևանյան hեքիաթներ» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այն Երևան քաղաքի պատմության փաստերի մասին հետաքրքրական էքսկուրս է՝ երևակայական լուծումներով։ Գրքի 8 հեքիաթից յուրաքանչյուրում ընթերցողը, անկախ տարիքից, կգտնի Երևան քաղաքի մասին հետաքրքրական փաստեր ու պատմություն, որոնց անձամբ կարող է ծանոթանալ՝ այցելելով հեքիաթներում նկարագրված պատմական վայրերը։ Արփի Մաղաքայանը գտել է ընթերցողին Երևանի պատմությանը ծանոթացնելու, Երևանը նորովի բացահայտելու կախարդական լուծում, ինչը գրքին նաև փաստագրական հմայք է հաղորդում։ Թեթև կարդացվող, հեքիաթային նկարազարդմամբ գիրքը՝ Երևան քաղաքի մասին գրված առաջին հեքիաթաշարն է, որն իրականության, հորինվածքի և երազի գեղեցիկ համադրում է։

Յոթերորդ հորիզոնականում է Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:

Ութերորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»  իններորդ հորիզոնականում է: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

Տասներորդ հորիզոնականում է Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին»: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 -1

Ջաննի Ռոդարի

«Երկնագույն նետը»

Զանգակ 40 2 +1

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 39 3 +2

Ջաննի Ռոդարի

«Հեքիաթներ հեռախոսով»

Զանգակ 33 4 +6

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»

Զանգակ 29 5 * «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 20 6 -2

Արփի Մաղաքյան

«Երևանյան hեքիաթներ»

հեղ.հրատ 18 7 *

Ա. Կոնան Դոյլ

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից»

Անդրանիկ 18 8 *

Ռոալդ Դալ

«Չարլին և շոկոլադի գործարանը»

Անտարես 18 9 0

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 16 10 -3

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պիպին»

Զանգակ 16


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am