Նանա Կվամեն «Լոռի»-ից տեղափոխվում է եվրոպական թոփ ակումբ

Armenpress 21:44, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի»-ի պաշտպան Նանա Կվամեն կարիերան շարունակելու է եվրոպական թոփ ակումբում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տեղեկատվությունը հրապարակել է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը, սակայն չի նշել Կվամեի նոր ակումբի անունը։

««Լոռի» ՖԱ պաշտպան Նանա Կվամեն կարիերան կշարունակի եվրոպական թոփ ակումբում, որի անունը, կապված պայմանագրում ամրագրված կետի հետ, այս պահին չենք կարող հրապարակել։ 19-ամյա գանացին օգոստոսի 24-ին կժամանի Վանաձոր՝ «Նոայի» դեմ խաղից առաջ «Լոռիի» երկրպագուներին և ակումբի անձնակազմին հրաժեշտ տալու համար։

Կոչ ենք անում գալ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա, դիտել «Լոռի» - «Նոա» հանդիպումն ու հրաժեշտ տալ մեր տաղանդավոր ֆուտբոլիստին»,- ասվում է ակումբի հայտարարությունում։

Ավելի վաղ ֆրանսիական L’Equipe պարբերականը հաղորդել էր, որ Նանա Կվամեն փորձաշրջան է անցնում ֆրանսիական «Լիլ»-ում և մոտ է ակումբի հետ պայմանագիր կնքելուն։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am