Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

Armenpress 17:42, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր- Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։

Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Այս ճանապարհը միջհամայնքային է և միմյանց է կապում մի քանի բնակավայր։

Կապալառու կազմակերպությունը ճանապարհահատվածի վերականգնումը սկսել է 2019թ. հունիսի սկզբին, աշխատանքները կավարտվեն նախատեսված վերջնաժամկետից շուտ՝ այս տարվա աշնանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում վերականգնել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am