1000х90.jpg (78 KB)

ՍԱՏՄ պաշտոնատար անձինք պետության շահերին էական վնաս են պատճառել. հարուցվել է քրեական գործ

Armenpress 17:34, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերիր բաժնից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը:

Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների շրջանակներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչարարություն իրականացնելիս շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Այսպես, 22 տնտեսվարող սուբյեկտեների մոտ խախտումներ հայտնաբերելուց հետո, պաշտոնական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որ խախտումներ չեն հայտնաբերվել, վարչական պատասխանատվության չեն ենթարկել, ինչպես նաև առանց օրենքով նախատեսված բավարար հիմքերի, ազատել են օրենքով սահմանված պատասխանատվությունից, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ մոտ 2.200.000 ՀՀ դրամի չափով: Ուստի, նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցակազմի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ, դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am