Գեղարքունիքի մարզում արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր

Armenpress 16:52, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։

Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին  հիշեցնում և հորդորում է.

 

սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

 

չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ,

 

պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

 

ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

 

չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

 

ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

 

սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում և փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

 

առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),

 

սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

 

պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,

 

հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդը պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

 

աղիքային վարակներին բնորոշ գանգատների դեպքում ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժմամբ, անհապաղ դիմել բժշկական օգնության:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am