Ներքին Գետաշենում սուբվենցիոն ծրագրով կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ

Armenpress 15:06, 20 Օգոստոս, 2019

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում  արդեն մեկ  շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի  շրջանակներում ընթանում են խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքներ:

  Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 16 միլիոն 644 հազար դրամ, նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում գյուղի յոթ թաղամասերում, 2491 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Շինարարությունը կավարտվի հոկտեմբերի վերջերին, որից հետո ջրամատակարարումը ավելի քան 300 տնտեսությունների համար կբարելավվի թե՛ քանակապես, թե՛ որակապես:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն 273 հազար դրամ, ոռոգման ջրատարների բարեկարգման կամ կառուցման աշխատանքներ են ընթանում 6 թաղամասերում, 988 գծամետր ընդհանուր երկարությամբ: 2 թաղամասերում դրանք կառուցվում են պոլիէթիլենային խողովակներով, 4 թաղամասերում՝ երկաթյա կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝  Ներքին Գետաշենի գյուղապետարանը:  «Գյուղի յոթ թաղամասերում ունեինք խմելու ջրի, վեց թաղամասերում՝ ոռոգման ջրի անկանոն մատակարարում, որոնք ուղեկցվում էին մեծ քանակի կորուստներով: Կենսական նշանակության այս ծրագրերի ավարտից հետո այդ թաղամասերում լիովին կապահովվի պահանջվող ջրամատակարարումը: Ավելին, Վերին դեմեր կոչվող թաղամասը մինչ այժմ լիովին զուրկ էր ոռոգման ջրի մատակարարումից, իսկ եկող տարվանից այստեղ շուրջ 10 հեկտար հողատարածք դառնալու է ոռոգելի: Սուբվենցիոն երրորդ ծրագրով , որը սկսվելու է սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքների իրականացում գյուղի 12 տարբեր փողոցներում »,-ներկայացրեց Կարո Գեւորգյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am