Sinogene-ը Չինաստանում ձեռնամուխ Է լինում կլոնավորված կատուների զանգվածային վաճառքին

Armenpress 15:00, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sinogene չինական ընկերությունն առաջիկայում ձեռնամուխ կլինի կլոնավորված կատուների զանգվածային վաճառքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է ZOL գիտատեխնիկական լրատվական պորտալը:

Նրա տվյալներով՝ այս որոշումը Sinogene-ի ղեկավարությունն ընդունել Է այդ կենդանու առաջին գենետիկական պատճենը հաջողությամբ վերարտադրելուց հետո: Հետագայում ընկերությունը պլանավորում Է կլոնավորել ձիերի եւ փոստային աղավնիների: Փիսիկը լույս աշխարհ Է եկել հուլիսի երկրորդ կեսին, սակայն ստեղծողները նրա ծնվելու մասին հայտարարել են մեկ ամիս անց, երբ կենդանին ամրացել Է եւ հաստատել իր կենսունակությունը:

«Նրա հաջող պատճենաբուծումից հետո մենք կսկսենք կլոնավորման պաշտոնական ծառայություններ տրամադրել»,-ԶԼՄ-ին պատմել Է ընկերության կառավարչի տեղակալ Չժաո Ցզյանպինը: Նրա խոսքով՝ սիրելի կենդանու պատճենը կարելի կլինի վերարտադրել 250 հազար յուանով (35,4 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Պաշտոնական վիճակագրության համաձայն, Չինաստանում կա ընտանի կենդանիների ավելի քան 73 մլն սեփականատեր, որոնք ունեն 91 մլն կատու եւ շուն: ՉԺՀ-ի խոշոր մեգապոլիսներում, որտեղ մի շարք գործոնների բերումով շատերը նախընտրում են երեխա ծնելու փոխարեն կենդանի ձեռք բրել, կլոնների բուծման բիզնեսը հատկապես շահութաբեր Է դառնում: Կատուների եւ շների շուկան երկրում գերազանցում Է տասնյակ միլիարդավոր դոլարները եւ տարեցտարի դինամիկորեն ընդլայնվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am