Շտապօգնություն պետք է դիմել միայն անհետաձգելի միջամտության կարիք լինելու դեպքում

Armenpress 13:51, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շտապ բժշկական օգնության ծառայությունը օրական 700 կանչ է ստանում, որից միայն 200 մարդ է տեղափոխվում հիվանդանոց կամ 30 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Շտապ բժշկական օգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այսինքն` բոլոր մնացած կանչերը հիմնականում այն կանչերն են, որոնց դեպքում քաղաքացիները կարող են դիմել ընտանեկան բժշկին կամ ժամանակին ընդունեն իրենց դեղահաբերը, ոչ թե շտապօգնության բժշկին կանչեն զուտ խորհրդատվության համար: Դա ճիշտ չէ»,- ընդգծեց Ստեփանյանը:

Նրա խոսքով` ծառայությունում քայլ առ քայլ լուծվում են բոլոր այն խնդիրները, որոնք օգնում են դուրս գալ ավելի բարձր հարթակ:

«Մեր բրիգադների ավելացումը և սեպտեմբերի 1-ից 50 բրիգադ ունենալը, չափորոշիչները փոխելը ևս մեծ ձեռքբերումներ են: Մեր ենթակայանները, որոնք գտնվում են քաղաքի տարբեր համայնքներում, կվերանորոգվեն, և կբարելավվեն մեր անձնակազմի պայմանները, ինչը նույնպես շատ կարևոր է:  Կարևորը նաև այն է, որ կիրառվել է սոցփաթեթի ծառայությունը, և մեր աշխատակիցներն ապահովագրություն ունեցան: Բրիգադի ավելացումը չի ենթադրում այն, որ պետք է ավելանա կանչերի թիվը: Մենք պետք է սպասարկենք միայն մեզ հասնող անհետաձգելի կանչերը: Զանգ տվողը պետք է հասկանա՝ շտապօգնության պետք է դիմել միայն անհետաձգելի օգնության դեպքում»,- եզրափակեց Ստեփանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am