1000х90.jpg (78 KB)

Պոլիկլինիկական համակարգը չի կարևորվել Հայաստանում, սակայն այդ սխալը պետք է ուղղել. Թորոսյան

Armenpress 13:07, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմականորեն պոլիկլինիկական համակարգը չի կարևորվել Հայաստանում թե իշխանությունների, թե բնակչության կողմից, սակայն Առողջապահության նախարարությունն այդ սխալը պետք է ուղղի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ բնակչությանը պետք է ուղղորդել դեպի պոլիկլինիկա և զարգացնել այդ համակարգը:

Նրա խոսքով` արդեն իսկ քայլեր կատարվել են այդ ուղղությամբ` բարձրացվել են պոլիկլինիկայի աշխատողների աշխատավարձերը և ֆինանսավորումը:

«Մեր քայլերը ուղղված են նրան, որ պոլիկլինիկան ավելի բարեհամբույր և մոտիվացված լինի ընդունելու բնակիչներին և նրանց բուժելու հարցում:  Դա արդեն նկատելի է, և Երևան քաղաքում կան շատ լավ պոլիկլինիկաներ, որոնք ոչ մի ձևով չեն զիջում հիվանդանոցի ամբուլատոր բաժնին: Իհարկե, կան պոլիկլինիկաներ, որոնք այնքան էլ լավ վիճակում չեն ու հիմնականում քաղաքային ենթակայության տակ են, և քաղաքային բյուջեն ունի հատուկ տող առողջապահության մասով, որով ներդրում է կատարելու շենքային պայմանները բարելավելու և տեխնիկական սարքավորումներ գնելու համար»,- ասաց Թորոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ առողջության առաջնային պահպանումը միշտ ավելի կարևոր է բնակչության համար, քան հիվանդանոցայինը:

«Հիվանդանոցներում պետք է դիմեն այնպիսի, իրոք ծանր, դեպքերում, երբ առաջնային օղակը չի կարողացել լուծել»,- եզրափակեց Թորոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am