1000х90.jpg (78 KB)

Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում տեղի կունենա «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար

Armenpress 11:31, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։

Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։

Հինգ համերգների ընթացքում կհնչեն Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։

Երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բացօթյա համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի՝ հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին կմատուցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։ Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Իսկ սեպտեմբերի 13-ին մանսուրյանական փառատոնը կեզրափակվի խորհրդանշական մի վայրում՝ Գյումրու Սև բերդ հուշարձանում։ Նշենք, որ Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ բարի ու ջերմ հիշողություններ են կապում՝ Բեյրութից Մանսուրյանների ընտանիքը ժամանակին հենց Շիրակ է ներգաղթում։ Գյումրիում է մաեստրոն ստանում իր առաջին երաժշտական կրթությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am