ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի

Armenpress 18:17, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից ստուգվել է ստորաբաժանումների անձնակազմի նոր դաշտային հանդերձանքը, որն առավել արդյունավետ կդարձնի զինծառայողների գործողությունները մարտական խնդիրներ կատարելիս:

Ստուգվել են նաև նոր կառուցված պահեստներում պահեստավորված զենքերն ու զինամթերքը:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am