Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Armenpress 17:22, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ու նկատել, որ հաճախակի դարձած գործնական աշխատանքային հանդիպումները վկայում են նախարարության և հիմնադրամի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։

Տանյա Ռադոչայը փոխնախարարին է ներկայացրել հիմնադրամի կողմից մեկնարկած և դեռևս մշակման փուլում գտնվող մի շարք ծրագրեր, որոնց արդյունավետ կյանքի կոչման գործում ակնկալվում է նաև ՀՀ ՏԿԵ նախարարության աջակցությունը։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել 52 միավորված համայնքների զարգացման ծրագրերում, ինչպես նաև դպրոցական մակարդակում կլիմայի փոփոխության և բնապահպանական բաղադրիչի ներդրմանը, բնապահպանական տարատեսակ միջոցառումներին դեռահասների մասնակցության բարձրացմանը։

Զուգահեռաբար խոսվել է նաև «Երեխաների համար հարմարավետ համայնքներ» ծրագրով փոքր համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, ինչպես նաև «Եվրոպական միությունը քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում այլընտրանքային նախադպրոցական մոդելի մշակման և ներդրման մասին։ Վերջինիս կապակցությամբ Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ գյուղական համայնքներում նմանօրինակ այլընտրանքային մոդելների տեղայնացումն անհրաժեշտաբար պետք է համապատասխանեցվի ներհայաստանյան նորմատիվային կարգավորումներին և օրենսդրաիրավական բազային։       

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am