1000х90.jpg (78 KB)

Վարչական իրավախախտումների համար 6 անձ բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին

Armenpress 15:39, 19 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական նստավայրում օգոստոսի 19-ին մեկնարկած Ամուլսարի շահագործման հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայից 6 անձ բերվել է  ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Հանդիպման մեկնարկից առաջ Ամուլսարի հանքի շահագործման դեմ մի խումբ քաղաքացի ցույց էր կազմակերպել, սկսվել էր նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան, 26, ինչպես նաև՝ Ջերմուկից ավտոերթ դեպի Երևան:

Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողներին հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am