Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կոտայքի մարզի տնտեսական ներուժը

Armenpress 11:54, 17 Օգոստոս, 2019

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրեց մարզի տնտեսական ներուժը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այս համաժողովում ներկայացվելու է Կոտայքում հաջողության պատմություն գրանցած 10 բիզնես նախագծեր և ևս 25 ներդրումային ծրագրեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում, որոնց մեծ մասը իրագործման փուլում են կամ գտնվում են մեկնարկային կետում։

Պետրոսյանը նշեց, որ մարզում կան մի շարք գործող և վերակառուցման ենթակա ջրամբարներ, որոնցից առանցքային են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները. միայն Մարմարիկի ջրամբարը ունի շուրջ 24 միլիոն խորանարդ մետր տարողունակություն և գործարկումից ի վեր այս տարի առաջին անգամ այն ամբողջովին ջրալցվել է։

«Մարզում հիմնանորոգման կարիք ունեցող ջրամբարներից են Սևաբերդի ջրամբարը, որի հիմնանորոգման և գործարկման ուղղությամբ այս պահին տարվում են բանակցություններ, ներգրավվելով  նաև մասնավոր ներդրողների, այս պահին կառավարության օրակարգում է Եղվարդի ջրամբարի կառուցման առաջնահերթ ծրագիրը, որի նախագիծը համաժողի ընթացքում կներկայացվի»,- ընդգծեց Պետրոսյանը։

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում կներկայացվեն մարզում  գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի ու շատ այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Համաժողովին կներկայացվի նաև մարզի ներդրումային գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն։

Ներդրումային-բիզնես համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող գործարարների։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am