1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

Armenpress 11:48, 17 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզը եղել է Հայաստանի արդյունաբերության ամենահզոր կենտրոններից մեկը, և Հայաստանի կառավարությունը շարունակելու է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը: Այդ մասին «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն ընդգծեց, որ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը և այսօրվա  հավաքը ևս լավ առիթ է արձանագրելու, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր: «Սա կարևոր արձանագրում է, որ անընդհատ պետք է անենք: Մեր գործողություններն ուղղված պետք է լինեն հենց այդ նպատակի իրագործմանը: Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն: Սա կարևոր և նուրբ աշխատանք է, որը պետք է անենք առաջիկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունն աջակցելիս պետք է համոզված լինի, որ իսկապես իրականացնում է արդյունաբերական ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու գործողություններ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:

«Ուզում եմ գնահատել նրանց աշխատանքը, արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել: Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա: Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և մենք քայլեր ենք իրականացնում, որ այս ոլորտը ևս զարգանա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև արդյունաբերական  գյուղատնտեսության զարգացումը և նկատեց, որ այստեղ ևս Կոտայքն ունի մեծ պոտենցիալ: «Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով նկատի ունեմ, որ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա: Կարծում եմ, որ ռացիոնալությունը մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ցավոք, շատ դեպքերում կորցնում ենք այն՝ սկսած պետական կառավարման համակարգից: Մեր խնդիրն է ներդրված գումարից հնարավորինս ստեղծել ավելի շատ արդյունք, հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը: Այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու առումով այս քննարկումները շատ կարևոր են»,- ասաց վարչապետը:

Տնտեսության և հանրային կյանքի մյուս ոլորտներում շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ կարևոր են: «Այս համաժողովները շփման լավ հարթակ են և լավ է, որ այս քննարկումները շարունակում ենք: Նմանատիպ միջոցառումներ անցկացնելու ենք բոլոր մարզերում, ցանկանում եմ հաջողություն մաղթել այսօրվա աշխատանքին, անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու գործարարների հաջողություններին և ծրագրերին, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել  դրանց:

Կարծում եմ, մեր համընդհանուր հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և դրանցից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը: Հույս ունեմ, որ այսօր այս հարթակից կլսենք լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ներկաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր մեր համաժողովին հետևում են լրատվությամբ, համացանցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի ու շատ այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ Համաժողովին կներկայացվի նաև մարզի ներդրումային գրավչության մասին ֆիլմի ցուցադրություն։

Ներդրումային-բիզնես համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում գործունեություն իրականացնող գործարարների։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am